Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը կոչ է անում շարունակել պայքարը (ARM)

 Մայիսի 1-ին Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցությունը դիմեց չափազանց ամոթալի քայլի և տապալեց ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրությունը: ՀՀԿ-ն արհամարեց ժողովրդի ճնշող մեծամասնության պահանջը՝ ընտրել Նիկոլ Փաշինյանին պետության ղեկավարի պաշտունում և ադպիսով երկիրը դուրս բերել ճգնաժամից:

Սակայն ՀՀԿ կուսակցությունը նախընտրեց իր վերջին ճիգերը գործադրել իշխանությունից կառչելու, դավադիր ճանապարհներով փորձելով հակադրվել ժողովրդի պահանջին, դրանով երկարացնելով պետական ճգնաժամը և վտանգելով երկրի կայունությունը: ԱԺ-ում ձևավորված ծավալուն հարց ու պատասխանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՀՀԿ պատգամավորների ճնշող մեծամասնությունը չի համապատասխանում օրենսդիր մարմնին պատշաճ մտավոր և բարոյական չափանիշների, իսկ Նիկոլ Փաշինյանը իրեն դրսևորեց որպես լրջագույն պետական գործիչ, ով պատրաստ է ստանձնել պետության ղեկը:

Կասկածից վեր է, որ Հանրապետական կուսակցության դավադիր գործունեությունը թելադրվում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից, ելնելով նրանց անհագուրդ իշախանատենչությունից և ռևանշային մղումներից:

Հանրապետական պատգամավորները անկարող եղան դիմադրել այդ ճնշմանը՝ միայն մեկ բացառությամբ. այդ կապակցությամբ ցանկանում ենք ողջունել Հանրապետական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի քաղաքացիական եզակի բարձր քայլը, ով չնայած ճնշումներին՝ ցուցաբերեց արժանապատիվ և պատասխանատու վարք և քվեարկեց ժողովրդի թեկնածուի օգտին:

Հույս ենք հայտնում, որ այս ազնվաբարո քայլը վարակիչ կլինի նաև այլ Հանրապետական պատգամավորների համար, և նրանք կընտրեն դժվար, բայց ճիշտ քայլը և կընտրեն Նիկոլ Փաշինյանին:

Հայկական Վերածնունդ կազմակերպության սփյուռքյան բոլոր մարմինների կողմից հայտնում ենք, որ լիովին կանգնած ենք հայոց թավշյա հեղափոխության և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողքին: Դիմում ենք

Հանրապետական կուսակցության պատգամավորներին. դուք կանգնած եք չափազանց կարևոր որոշման առջև՝ կամ արժանապատվորեն սատարել ժողովրդի թեկնածուին և կանխել ճգնաժամի հետագա խորացումը, կամ շարունակել դավադիր դիմադրությունը և կրել ամոթալի պարտություն և արժանանալ ողջ հայ ժողովրդի պարսավանքին:

Կոչ ենք անում՝ հաղթահարեք ձեր վրա գործադրված ճնշումները և ըտնրել ճիշտ և պատվաբեր որոշում: Դիմում ենք նաև Հայաստանի և սփյուռքի մեր քույրերին ու եղբայներին կոչով՝ շարունակել պայքարը ավելի մեծ ջանքերով և քանակությամբ մինչև թավշյա հեղափոխության հաղթական ավարտը:

Հայկական Վերածնունդ
02.5.2018