Հանուն Հայաստան Պետության ճակատի Ժամանակավոր Կառավարության գործունեության ծրագիր (ARM)

Ժամանակավոր Կառավարության գործունեության ծրագիր
(սեղմ շարադրանք)
Պետական կառավարման գործող մենիշխանական-գենսեկական այս համակարգով իշխանությունները Հայաստանը տանում են պետականազրկման, այն դարձնելով անարժեք գաղութ-կցորդ Ռուսական կայսրության ետնախորշում:
Պետության կորուստը կնույնանա մեր հայրենիքի այս վերջին հողակտորի կորստին, առանց որի հայ ազգի ապագան վտանգված է ընդհանրապես:
Դեռևս իր հռչակագրում Հանուն Հայաստան Պետության Ճակատն ամրագրել է, որ «Ճակատը, առաջնորդվելով նոր որակի, ինքնիշխան, ազատ ու արդար Հայկական պետություն կառուցելու տեսլականով,մեր նպատակների իրագործումը տեսնում է միմիայն համաժողովրդական համախմբմամբ ու միասնական ջանքերով նոր, ժողովրդավարական, օրինական-սահմանադրական կարգի հաստատմամբ, ՀՀ ներկայիս վարչախմբի հեռացմամբ ժողովրդական վստահության ժամանակավոր, անցումային կառավարության ձևավորման ու գործող պետական կառավարման համակարգի ամբողջական փոփոխության միջոցով»:
Ժամանակավոր Կառավարությունը ստանձնում է երկրի կառավարումը կամ ուղիղ ժողովրդավարության միջոցով, կամ Հեղափոխական-Շարժումային ընտրությունների միջոցով, կամ ֆորս-մաժորի դեպքում:
Ժամանակավոր Կառավարությունը կազմված է այս համակարգի դեմ իրենց ակտիվ դրսևորած, բանիմաց, հանրայնորեն դրական ընկալում ունեցող, հասարակության կողմից լայն աջակցություն ու վստահություն վայելող, պատասխանատու հասարակական-քաղաքական ակտիվ դեմքերից, մտավորականներից, պետությանը նվիրված մասնագետներից:
Ժամանակավոր Կառավարությունը գործելու է 1-1.5 տարի ժամանակով: Հիմնական նպատակը երկրում վերստեղծելն է նոր, լեգիտիմ սահմանադրությամբ ամրագրված պետական կառավարման համակարգ, ընթացքում լուծելով նաև Հայաստանի պետականազրկման դեմն առնելուն միտված հրատապ, անհետաձգելի գլոբալ խնդիրները:
Ուստի համար մեկ խնդիրն է նոր սահմանադրության ընդունումը, որը.
ա. Զերծ կլինի 1995, 2005, 2015թթ. «ընդունված» սահմանադրությունների հանրա­քվե­ների կեղծված լինելու խարանից,
բ. Վայելի քաղաքացիների լիակատար վստահությունը և՛ ստեղծման, և՛ ընդունման առումով:
գ. Սահմանադրությունը պետք է ապահովի իշխանական մարմինների իրական տարնջատումը, պարունակի հակակշիռների ու զսպումների, համակարգային պատաս­խանատվության գործուն մեխանիզմներ, ապահովի անկախ դատական համակարգի կազմավորումն ու գործունեությունը:
Ժամանակավոր Կառավարության երկրորդ, սակայն ոչ պակաս կարևոր խնդիրն է պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակի մարմինների ձևավորումը ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով և սահմանադրական հանրաքվե անցկացնելը: Այդ գործընթացներին մասնակից ընտրակեղծարար կուսակցություններին, խմբավորումներին ու անհատներին օրենքով ամենախիստ պատժի ենթարկելով, ԺԿ-ն կկարողանա վերջ դնել ձևավորված, պետության կործանմանը նպաստող, անպատասխանատու իշխանու­թյունների ձևավորման հիմք հանդիսացող, պետականորեն կազմակերպվող ընտրա­կեղծա­րարության ավանդույթին:
Իր առաքելությունն իրականացնելու համար Ժամանակավոր Կառավարությունը առաջնորդվում է գործողությունների հետևյալ պլան-պարտավորություններով:
1. Իշխանությունն ստանձնելուց հետո, 3-6 ամսում ազատ, արդար, թափանցիկ հանրաքվեի միջոցով կամ մեկ այլ կերպ (սահմանադիր ժողով) ընդունում է ՀՀ նոր սահմանադրություն: Այն պետք է ձևավորվի բոլոր շահագրգիռ ուժերի, անհատների կամ կառույցների ազատ, հրապարակային մասնակցությամբ: Այս ընթացքում ապահովում է, որպեսզի ընդունվի ընտրությունների մասին նոր օրենսգիրք, կուսակցությունների մասին նոր օրենք:
2. Հաջորդ երեք ամիսների ընթացքում նոր ընդունված ընտրական օրենսգրքով, նոր սահմանադրությամբ նախատեսված կարգով անց է կացվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համատարած ընտրակեղծարարությունները կանխելու, ինչպես նաև ընտրակեղծարարներին պատժելու համար, այն անցկացվելու է փուլ առ փուլ, հերթով իր մեջ ներառելով հատկապես ռիսկային բնակավայրերն ըստ գրաֆիկի:
3. Հաջորդ երեք ամիսներին նույն ընտրական նոր օրենսգրքով ու նոր սահ­մա­նա­­դրությամբ նախատեսված կարգով նոր Ազգային Ժողովի ընտրություններ:
4. Հաջորդ երեք ամիսներին նույն ընտրական նոր օրենսգրքով ու նոր սահմա­նադրությամբ նախատեսված կարգով ու լիզորություններով գործադիր իշխանության ղեկավարի՝ ՀՀ նախագահի կամ վարչապետի ընտրություններ:
Հաշվի առնելով հնարավոր փոքր շեղումները նախանշված ժամկետից, ստացվում է մեկ ու կես տարի:
Բոլոր ընտրությունները վերահսկվում են Ժամանակավոր Կառավարության ստեղծած ժամանակավոր Անվտանգության Խորհրդի կամ ժամանակավոր Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի միջոցով:
Այս քայլերը կատարելուց հետո Ժամանակավոր Կառավարությունը վայր է դնում լիազորությունները, ողջ իշխանությունը փոխանցելով նոր սահմանադրությամբ ու ազատ ընտրություններով ձևավորված պետական կառավարման մարմիններին:
Իր գործունեության ընթացքում ժամանակավոր, անցումային շրջանի կառավարությունը պարտավորվում է իրականացնել նաև հետևյալ անհետաձգելի, պետության ինքնիշխանությունը վերականգնող, բնակչության վիճակը բարելավող անհետաձգելի քայլերը:
– Միջազգային բոլոր այն պայմանագրերի վերանայում, որոնք սահմանափակում են ՀՀ ինքնիշխանությունը, վտանգում Հայաստանի անկախ պետության ապագան:
– Հանրապետության նոր՝ ինքնիշխան, բազմավեկտոր արտաքին քաղաքականության ձևավորում,հարաբերությունների վերանայում հատկապես հարևան Իրանի հետ և Եվրոմիության հետ համակողմանի ինտեգրում:
– Էներգետիկ, գազամատակարարման, երկաթուղային, ավիացիոն ու այլ կապի միջոցների պայմանագրերի վերանայում, դիվերսիֆիկացիա:
– Հանքարդյունաբերության ու բնական պաշարների օգտագործման քաղա­քականության վերանայում: Շահագործողների կողմից պետությանն ու բնությանը պատճառած նյութական ու էկոլոգիական վնասների փոխհատուցում:
– Տնտեսական, օլիգարխիկ մենաշնորհների վերացում, բնական մոնոպոլիաների նկատմամբ պետական վերահսկողության հաստատում: Նոր՝ տնտեսական աշխուժացում ու աճ ապահովող տնտեսական քաղաքականության որդեգրում:
– Քաղբանտարկյալների ազատ արձակում, քաղհալածանքների դադարեցում:
– Ոստիկանության, Ազգային Անվտանգության մարմինների վերակառուցում, սե­­փական քաղաքացիներին հետապնդման նպատակով գործող ծառայությունների լուծարում:
– Հայոց լեզվի՝ որպես միակ պետական լեզվի կարգավիճակ ունեցողի, այդ կարգավիճակի ամրապնդմանն ուղղված սահմանադրական ու օրենսդրական հիմքերի ստեղծում: Պետական կառավարման, հանրային բոլոր ոլորտներում Հայոց լեզվի անառարկելի կարգավիճակի հաստատում:
– Իշխանական վերնախավի լուստրացիա:
– Սոցիալական անհետաձգելի միջոցառումներ բնակչության սոցիալական վի­ճակը թեթևացնելու, բնակչության թալանը դադրեցնելու, քրեաօլիգարխիկ հա­մա­կարգի ու գաղութատիրական էությամբ արտաքին ուժերի՝ երկիրը անխնա կողո­պտելու դեմն առնելու, դրանց հետ տնտեսապես հիմնավորված, արժանա­պատիվ հարաբերություններ կառու­ցելու նպատակով (գազ, լույս, ջուր, արագա­չափեր, կար­միր գծեր ևն) :
Ժողովրդին վստահություն հաղորդելու, սահմանադրությունը, օրենքներն ու ընտրություններն իրենց նեղ շահերին ծառայեցնելը բացառելու համար, ԺԿ բոլոր անդամներն ըստ նախապայմանի, հրաժարվում են մասնակցել իրենց գործունեության ընթացքում անցկացվող որևէ ընտրության, կամ զբաղեցնել որևէ պետական պաշտոն մինչ հաջորդ ընտրափուլը:
Այս ծրագրի իրագործումը կկասեցնի օրվա իշխանությունների պետականա­քանդ գործունեության հետևանքով Հայաստան պետության փլուզումը:
Այդպիսով կդրվեն իրական ինքնիշխան, ժողովրդավար, ազգային պետության կառուցման հիմքերը, որպես հայության գոյության ու զարգացման միակ երաշխավորի:
Հայաստանը միայն օրինական, ժողովրդի վստահությունը վայելող, արդար ընտրություններով ձևավորված, հետևաբար նաև պատասխանատու իշխանությամբ կկարողանա համախմբելով հանրային-պետական բոլոր ռեսուրսները, ունենալ արտաքին տարբեր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտ ներուժ և կենսունակություն, Հայաստանի՝ Արցախը ներառյալ, պետականությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կարողություն, առաջադեմ աշխարհին, քաղաքակիրթ Եվրոպական ընտանիքին ինտեգրվելու հեռանկար:
Հանուն Հայաստան Պետության ճակատ 09. 04. 2018թ