Հանուն Հայաստան պետության» ճակատի կոչը սփյուռքի հայրենակիցներին (ARM)

Սիրելի սփյուռքահայ հայրենակից,
10 տարի ժողովրդի և պետության գլխին միայն պատուհաս բերելուց հետո Սերժ Սարգսյանը փորձում է հավերժացնել իր ու իր հանցախմբի իշխանությունը՝ այս անգամ ձգտելով ամենազոր վարչապետի աթոռին:
Երկրի ապագայով մտահոգ Հայաստանի պատվախնդիր հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ ոտքի են ելել ու պայքարում են այդ բանը թույլ չտալու համար:
Այս պայքարին Հայաստանում քո ուղղակի մասնակցությունը թե՛ գործնական և թե՛ խորհրդանշական առումներով էական նշանակություն ունի:
Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումը բերելու է ոչ միայն Հայաստանի Հանրապետության վերջնական տապալմանն ու արցախյան ձեռքբերումների կորստին, այլև սփյուռքի թուլացմանը, հայրենիքից հիասթափմանը, ձուլման արագացմանը և, վերջին հաշվով, ամբողջ հայ ազգին հասցված վճռական հարվածի:
Իր իշխամության 10 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը՝
– Բռնացել է ժողովրդի կամքին, տիրացել իշխանությանը և այն պահել բռնությամբ, սպաննություններով, կեղծիքով, կաշառելով, ըննդիմախոսներին բանտարկելով և հալածելով:
– Թուրքիայի հետ կնքել է նրա հետ Հայաստանի ներկա սահմանները վավերացնող և Ցեղասպանության եղելությունը քննարկման առարկա համարող հաշտեցման պայմանագիր, ինչը ալեկոծեց ու ոտքի հանեց ողջ սփյուռքը, և որի վավերացումը հետագայում տապալվեց Թուրքիայի առաջ քաշած նոր պահանջների պատճառով:
– Հրապարակայնորեն հայտարարել է հայ ժողովրդի զավակների արյան թանկ գնով ազատագրված Արցախի 7 շրջաններն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին:
– Հայաստանը դարձրել է գաղութացված երկիր՝ ինքնիշխանությունը շերտ առ շերտ հանձնելով օտարին, հատկապես Ռուսաստանին:
– Երկիրը հասցրել է աղքատության, անարդարության, հուսահատության ծայրահեղ աստիճանի, որի պատճառով այդ 10 տարիների ընթացքում 400 հազար մարդ արտագաղթել է Հայաստանից:
Սերժ Սարգսյանի և իր հանցախմբի պատճառած աղետների այս շարքը կարելի է անվերջ երկարել:
Որպեսզի այս աղետը վերջ գտնի, որպեսզի Հայաստան երկիրը վերստին ծաղկի, դառնա ինքնիշխան, ժողովրդավար, իրավական և արդար երկիր, որպեսզի հայ ժողովուրդը հարատևի, անհրաժեշտ է համատեղ ուժերով՝ հայաստանաբնակ և սփյուռքահայ, կանխել Ս. Սարգսյանի վարչապետացումը:
Սփյուռքահայ հայրենակից, միացի՛ր հայրենաբնակ քո քույրերի և եղբայրների պայքարին: Արի՛ Հայաստան, իսկապես «Արի՛ Տուն», մասնակցի՛ր հայրենիքի արժանապատիվ պայքարին:
Սփյուռքահայ ազնիվ և պարկեշտ շարքային դաշնակցական, ըմբոստացի՛ր քո կուսակցության ղեկավարության դավաճանական, ներկա հակազգային վարչախմբին աջակցող, հայրենաբնակ հայության աչքին Դաշնակցության պատիվը գետնին հավասարեցրած քաղաքականության դեմ: Վերստին բարձրացրո՛ւ քո կուսակցության անունը` միանալով ժողովրդի պայքարին:
Ապրիլի 9-ից՝ բոլորս Ազատության հրապարակում:
Միացե՛ք բողոքին, ակտիվորեն մասնակցե՛ք ընդդիմության նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության պայքարի բոլոր միջոցառումներին:

«Հանուն Հայաստան պետության» ճակատ
02.04.2018