Եվրոպական մամուլը չի լուսաբանում Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա (ARM)

Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա՝ Փարիզ, այնուհետեւ Ստրասբուրգ, դեռ օրեր առաջ գրավել էր սփյուռքահայ ընդդիմադիր գործիչների ուշադրությունը։ Դա վերաբերում է մասնավորապես «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությանը, որի համակարգող Շանթ Ոսկերիչյանը պարբերաբար մամուլում Հայաստանի իշխանություններին քննադատող հրապարակումներով եւ հայտարարություններով է հանդես գալիս։

Շանթ Ոսկերիչյանը, ինչպես նաեւ այլ սփյուռքահայ գործիչներ, մտավորականներ ակտիվացան հատկապես 2016թ․ հուլիսի 17-31-ը «Սասնա ծռերի» իրադարձություններից հետո։ Մինչ Հայաստանում շատ հասարակական-քաղաքական գործիչներ քննադատում էին «Սասնա ծռեր»-ին կամ էլ նախընտրում լռություն պահպանել, սփյուռքահայ գործիչներն իրենց անթաքույց համակրանքն էին արտահայտում նրանց նկատմամբ։ Հասկանալի է, որ սփյուռքում գտնվելով, նրանց չէր սպառնում հայաստանյան իշխանությունների կողմից հալածվելու վտանգը, իսկ իշխանափոխության մասին նրանց պատկերացումներն էլ հայաստանցիներիս պատկերացումներից տարբերվում էին արմատականությամբ։ Հունվարի 23-ին «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության համակարգող Շանթ Ոսկերիչյանը մի երկարաշունչ նամակ էր հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց հետ պետք է հանդիպեր Սերժ Սարգսյանը։

Սփյուռքահայ գործիչը մանրամասն նկարագրել էր, թե ինչպիսի վիճակ է տիրում Հայաստանի արդարադատության համակարգում, ինչպես են խախտվում մարդու իրավունքները Եվրոպայի անդամ երկրում, եւ ինչպիսի համակարգային բնույթ են կրում այդ խախտումները։ Նա Ֆրանսիայի հանրապետության պաշտոնյաներին հիշեցրել էր, որ Հայաստանում կա109 քաղբանտարկյալ եւ այդ ցուցակը վերջնական չէ։ Իր նամակը Շանթ Ոսկերիչյանը եզրափակել էր՝ նշելով, որ Հայաստանի քաղբանտարկյալների կոմիտեն ցանկանում է ուշադրություն հրավիրել արդարադատության վիճակի վրա։ Քանի որ այս օրերին ընթանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստը, եւ Սերժ Սարգսյանն էլ երեկ ԵԽԽՎ-ում հանդես եկավ ելույթով, Շանթ Ոսկերիչյանից հետաքրքրվեցինք, թե ինչ քայլեր է պատրաստվում անել այս օրերին «Հայկական վերածնունդը»։ Սփյուռքահայ գործիչը տեղեկացրեց, որ իրենք ուղղակիորեն կապ են հաստատել եվրոպական բոլոր երկրների պատգամավորների հետ (բացառությամբ՝ թուրքերի եւ ադրբեջանցիների), նրանց են ուղարկել իրենց նամակները եւ խնդրել հարցեր տալ Հայաստանի երրորդ «չընտրված նախագահին»։

Շանթ Ոսկերիչյանը նշեց նաեւ, որ իր իմացած հեռուստաընկերություններն ու ԶԼՄ-ները Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի մասին ոչինչ չեն գրել կամ հայտարարել։ Սրանից զատ՝ սփյուռքահայ գործիչը նշեց, որ արտերկրում Սերժ Սարգսյանի՝ հայկական համայնքի հետ ունեցած հանդիպումների ժամանակ միայն դեսպանատան եւ իբր թե այդ համայնքը ներկայացնող ինքնակոչ երեւելիներին են տալիս հրավիրատոմսեր, որպեսզի նրանք կարողանան սրահ մտնել։ Շանթ Ոսկերիչյանի խոսքերով՝ նրանք «սփյուռքի անուղեղ պնակալեզներն» են։ Միաժամանակ նա հավելեց, որ իրենք նախընտրում են քաղաքական կապերի միջոցով ազդել Սերժ Սարգսյանի այցելության վրա։ ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան Պետության» ճակատում քաղբանտարկյալների հարցերով զբաղվող Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեցինք, թե համագործակցո՞ւմ են սփյուռքյան «Հայկական վերածնունդ» կազմակերպության հետ։ «Այո, իրենք հայտարարել են, որ միանում են ճակատին։ Տեղյակ եմ, որ ինչ-որ բան են նախաձեռնել, թե ինչ են նախաձեռնել՝ տեղյակ չեմ»,- արձագանքեց Կարապետ Ռուբինյանը։ Հարցին, թե ինչ կերպ է արտահայտվում այդ համագործակցությունը, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Դեռ նոր է սկսել համագործակցությունը, չեմ կարող ասել, թե ինչ ձեւերով կլինի»։

Թագուհի Հակոբյան