Լևոն Հայրապետյանը մահացել է (ARM)

Այսօր առավոտյան 68 տարեկան հասակում բանտում մահացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Շանթ» հեռուստաընկերության Մոսկվայի թղթակից Վահե Ավանեսյանը՝ հավելելով, որ Հայրապետյանի վերջին ցանկությունն է եղել, որ իրեն հուղարկավորեն ծնողների կողքին։ Նշենք, որ գործարարի ծնողները հուղարկավորված են Մոսկվայի հայկական գերեզմանատանը: Ավելի ուշ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի էիր էջում գրել է․ «Այսօր առավոտյան մահացել է հայ ժողովրդի մեծագույն որդին, օրինակելի հայրենասեր եւ արվեստի հովանավոր Լեւոն Հայրապետյանը: Հողը թող թեթև լինի: Երբեք չենք մոռանա Լեւոն Գուրգենովիչին եւ նրա ժառանգությունը»։ Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թ հուլիսի 15-ին «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում. նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման։ Հանցախմբի ղեկավարն է եղել «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Վերջինիս գործունեությանը Հայրապետյանի հնարավոր մասնակցության մասին քննիչներին տեղեկացրել է ցմահ բանտարկված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը: Բանտում գտնվելու ժամանակահատվածում Լևոն Հայրապետյանն առողջական ծանր վիճակում էր հայտնվել, ի աջակցություն Հայրապետյանի՝ բազում միջոցառումներ են իրականացվել, ստեղծվել էր «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» ֆեյսբուքյան էջ։ Նրա փաստաբան Հայկազ Մակարյանը բազմիցս դիմել էր ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լևոն Հայրապետյանի արտահանձնման հարցը: Նշենք, որ Հայրապետյանն ավարտել է ՄՊՀ-ի Փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Զբաղվում էր նավթի վաճառքի հետ կապված բիզնեսով։ Լևոն Հայրապետյանը դեռ տարիներ առաջ ցանկություն էր հայտնել իր հայրենի Արցախում ռազմական ինստիտուտ հիմնել՝ Արցախի և Հայաստանի համար բարձրաստիճան սպայակազմի պատրաստել, խոսվում էր նաև, որ հնարավորություն կտրվի մեր տարածաշրջանի ազգային փոքրամասնություններին այնտեղ ռազմական գիտելիքներ ձեռք բերել: Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը։ 2007 թվականին ը ֆինանսավորեց 2,5 միլիոն մ2 տարողությամբ ջրամբարի կառուցումը Մարտակերտի շրջանում գտնվող Խաչեն գետի վրա։ Հայրապետյանը մեծ ներդրումներ է կատարել Ղարաբաղում։

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am